Երեկ Իսրայելում ընթացող ուսանողական երրորդ համաշխարհային խաղերի երրորդ օրն էր, Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը մրցահարթակ էր դուրս բերելու միանգամից երեք մարզիկի` 77 կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Սամվել Գրիգորյանին, 85 կիլոգրամայիններ Աղասի Աղասյանին ու Վահրամ Գևորգյանին:
Մեդալային հաշվարկով առաջնության նախորդ օրերը բավականին հաջող են եղել մեր մարզիկների համար: Սմբատ Մարգարյանի (56 կգ) ու Վանիկ Ավետիսյանի (69 կգ) մրցելույթներից հետո մեր հավաքականի ակտիվում է երկու բրոնզե մեդալ, թեև դրանց հարգը կարող էր և ուրիշ լինել: Համենայն դեպս, այդպես էր ակնկալվում: Այսքանը, ինչպես ասում են, ընդհանուր տեղեկացվածության կտրվածքով, քանզի առաջնությանը մտադիր ենք անդրադառնալ դրա ավարտից հետո` երեքշաբթի հրամցվելիք ամփոփիչ նյութում, որտեղ խոսելու և բավականին լուրջ խոսելու բան կա, իսկ մինչ այդ վիճակագրության սիրահարներին տեղեկացնենք, որ Սմբատ Մարգարյանը երկամարտում ցույց է տվել 231(100+131), Վանիկ Ավետիսյանը` 315 (142+173) կիլոգրամ արդյունք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ